News Item: : Ճապոնիայում մուլտֆիլմ են նկարել. Գլխավոր դերում «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ն է
(Category: Misc)
Posted by admin
Sunday 20 March 2011 - 11:11:01

Ճապոնիայում մուլտֆիլմ են նկարել, որում երկրաշարժից և ցունամիից տուժած «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը հանդես է գալիս «Միջուկային տղա» անվամբ հերոսի կերպարով, որի որովայնը ցավում է, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Մուլտֆիլմի հեղինակ Կազուհիկո Հաչինան փորձել է երեխաներին մատչելի լեզվով նկարագրել ատոմակայանում վթարի հետևանքով առաջացած տագնապալի իրավիճակը։ Մուլտֆիլմի տևողությունը 4,5 րոպե է։ Սյուժեի համաձայն՝ Միջուկային տղայի որովայնն ուժեղ ցավում է և նա գերբնական ուժեր է գործադրում օդը չաղտոտելու համար, այլապես վատ կլինի ոչ միայն շրջապատի մարդկանց, այլև անգամ օվկիանոսից այն կողմ հարևանների համար։ Բժիշկները, այսինքն ատոմային էներգիայի մասնագետներն ու ինժեներները, օրերով հեռու չեն գնում երեխայից՝ փորձելով բուժել նրան։ Միակ դեղամիջոցը, որ տալիս են հիվանդին՝ սառեցնելու համար նրա ռեակտորները, ծովի ջուրն է և բորաթթուն։ Անհարմար դրությունից խուսափելու համար՝ գլխավոր հերոսը տակդիր է կրում։ Կադրից դուրս ձայնը հանգստացնում է հեռուստադիտողին. գնալով Միջուկային տղան իրեն լավ է զգում, և նրա հետ հաստատ տեղի չի ունենա այն, ինչ պատահեց Չերնոբիլյան տղայի հետ։ Մուլտֆիլմի վերջում հեղինակը եզրափակում է, որ աղոթքը «նվազագույնն է, որ մենք կարող ենք անել՝ օգնելու Միջուկային տղային վերականգնել էներգիան»։
Մինչ այժմ մուլտֆիլմի բնօրինակը ճապոներենով նայել է ավելի քան 500 հզ.ինտերնետ-օգտատեր։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.445 )