News Item: : Սաուդյան Արաբիայում 11 մարդ է ձերբակալվել ծննդյան տարեդարձը նշելու մեղադրանքով
(Category: Misc)
Posted by admin
Thursday 03 February 2011 - 11:07:15

Կրոնական ոստիկանության աշխատակիցները Սաուդյան Արաբիայի Մեդինա քաղաքում ձերբակալել են 11 երիտասարդների, որոնք կասկածվում են ծննդյան տարեդարձը նշելու մեջ։
Սաուդյան Արաբիայում օրենքները հիմնված են իսլամական իրավունքի վրա։ Դրանց հետևում է կրոնական ոստիկանությունը, որը պաշտոնապես կոչվում է Առաքինություն տարածելու և չարիքը կանխելու հանձնաժողով։ Ծննդյան տոներ, Նոր տարի և այլ ոչ մուսուլմանական տոներ նշելը շարիաթի օրենքներով արգելվում է։

«Առաքինություն տարածելու և չարիքը կանխելու հանձնաժողովը Մեդինայում ձերբակալել է 7 երիտասարդ տղաների և 4 աղջիկների, որոնք երեկույթի էին եկել Մեդինայում վարձած տանը։ Երիտասարդները պարում էին և նշում աղջիկներից մեկի ծննդյան տոնը։ Առգրավվել են փաստացի ապացույցներ՝ նվերներ և երաժշտական կենտրոն»,– ասվում է «էռ–Ռիյադ» թերթի էլեկտրոնային կայքում։ Երիտաարդներին մատնել են տեղի բնակիչները։ Ձերբակալվածներից երկուսը կրկնահանցագործ են և նախկինում ևս դատապարտվել են նմանատիպ հանցագործության համար։ Եթե դատարանն ապացուցի երիտասարդների մեղքը, նրանց սպասվում է բանտային ռեժիմ կամ մահակներով պատիժ։
Անցյալ տարվա ընթացքում Սաուդյան Արաբիայում կրոնական ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել ավելի քան 250 հազար մարդու։ Հանցագործությունների մեծ մասը գերատեսչության տվյալներով կապված է էթիկայի նորմերի խախտման հետ։

http://tert.am


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.185 )