News Item: : Այսօր «Ջրահարսի» ծննդյան օրն է
(Category: Misc)
Posted by admin
Tuesday 23 August 2011 - 10:25:18

1913 թվականի օգոստոսի 23-ին նշանավոր գարեջրագործ և մեկենաս Կարլ Յակոբսոնը Կոպենհագեն քաղաքին անսպասելի մի նվեր արեց՝ հանձնելով անդերսենյան ջրահարսի բրոնզակերտ արձանը:

Դրա հեղինակը դանիացի քանդակագործ Էդվարդ Էրիկսենն էր, ով իբրև բնորդ արձանի համար ընտրել էր իր կնոջը՝ բալետի պարուհի Էլենին: Շատ չանցած «Ջրահարսը» դարձավ ոչ միայն քաղաքի, այլև գեղեցկության, կարոտի և երազանքների խորհրդանիշ: Սակայն ինչպես ամեն մի գեղեցիկ բան, արձանը նույնպես բազմիցս վանդալիզմի ու ոտնձգությունների թիրախ է դարձել: 1964-ին նրան «գլխատեցին»:
Հանցագործներին այդպես էլ չգտան: Բարեբախտաբար, պահպանվել էին «Ջրահարսի» գիպսե կաղապարները, և հնարավոր եղավ այն վերաձուլել: Այդ օրից ի վեր նրա մոտ նույնիսկ ոստիկանական հերթապահություն սահմանեցին: Բայց նույնիսկ դա չօգնեց: Մի գիշեր էլ հանցագործները կտրեցին «Ջրահարսի» աջ ձեռքը, հետո ներկ լցրեցին արձանի վրա, և այդպես շարունակ: Միայն թե հեքիաթային կնոջ արձանը շարունակում է մնալ ծովախորշի գրանիտե հսկա բեկորի վրա և առաջվա պես հիացմունք պատճառել իրեն այցի եկողներին:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի 23-ի գիշերը Կոպենհագենում նշում են արձանի ծննդյան օրը: Այդ օրը ոչ միայն հրավառություն է լինում, այլև ջուր են իջնում տասնյակ կենդանի «ջրահարսեր»՝ փորձելով իրենց գեղեցկությամբ մրցել բրոնզե տիրուհու հետ:

http://asekose.am/?p=46723


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1197 )