News Item: : Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին վաղ բրոնզեդարյա բնակավայր է հայտնաբերվել
(Category: Misc)
Posted by admin
Sunday 24 July 2011 - 09:50:53

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանին վաղ բրոնզեդարյա բնակավայր է հայտնաբերվել, որի գտածոները թվագրվում են մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը։

«Բնակավայրը մեր արշավախմբի կողմից հայտնաբերվել է հուլիսի 22-ին։ Տեղի իշխանությունները դրա գոյության մասին իմացել են նաեւ նախկինում եւ մեզ խնդրել են գալ, ուսումնասիրել տարածքը։ Ուսումնասիրություններից հետո ակնհայտ է դարձել, որ բնակավայրի մի մասը հողաշինական աշխատանքների հետեւանքով ավերվել է։ Ամեն դեպքում, այսօրվանից սկսված պեղումների արդյունքում հայտնաբերվել են աղորիքներ, ծեծիչներ, գնդաձեւ կավանոթների կանթեր, որոնք խիստ բնորոշ են Կուր-Արաքսյան մշակույթի վաղ փուլին։ Ինչ վերաբերում է պեղումների բուն ընթացքին, ներկայումս դրանք իրականացնում են միայն մեր արշավախմբի անդամներն ու զինծառայողներ։ Հետագայում նրանց կմիանան նաեւ մասնագետներ, այդ թվում՝ ֆրանսիացիներ եւ պեղող փորձված բանվորներ Երեւանից»,- ասաց Հակոբ Սիմոնյանը՝ հավելելով, որ գտնված բնակավայրը մոտակա գյուղերից բավական հեռու է. ամենամոտ՝ Խնածախ գյուղը 7 կմ հեռավորության վրա է։
Հարցին, թե որտեղ են պատրաստվում պահել գտածոները, նա պատասխանեց, որ նմուշներից առավել արժեքավորները, հնարավոր է, հանձնվեն Հայաստանի Պատմության թանգարանին, իսկ մնացած գտածոները կբաշխվեն տարբեր թանգարանների միջեւ։

http://news.am/arm/news/68893.html


This news item is from HovNet LTD
( http://host-109-68-122-224.customer.arminco.com/news.php?extend.1048 )